samedi 3 novembre 2012

Թեմական ներկայացուցչական ժողովը ավարտվեց


Թեմական ներկայացուցչական ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 1-3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որն անդրադարձավ եկեղեցական և ազգային կյանքում առկա մի շարք հարցերի ու խնդիրների:
Ժողովի աշխատանքներին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Ժողովականները  գոհունակությամբ ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը ժողովի նիստերին և այդ առիթով հղած ուղերձները:
Նոյեմբեր 1-ի նիստերին ժողովականները քննարկեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններ) հետ հարաբերությունների մասին զեկույցը:


Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության մասին տեղեկություններ հաղորդեցին Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Կ. Պոլսի Աթոռի ներկայացուցիչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Անդրադառնալով Երուսաղեմի Ս. Աթոռի կարևոր պատմական առաքելությանը Սրբոց Տեղյաց պահպանության գործում` ժողովականներն Աստծու զորակցությունը մաղթեցին Երուսաղեմի պատրիարքական տեղապահին` առաջիկա պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործում: Ժողովը նաև ընդգծեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կարևոր դերակատարությունը Թուրքիայում հայության ազգային-եկեղեցական կյանքում: Մտահոգություն հայտնելով Պատրիարքության ներկայիս կացության և Կ.Պոլսո Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի առնչությամբ, ժողովը որոշեց խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` թելադրել Կ.Պոլսի կրոնական ժողովին` կազմակերպելու պատրիարքական ընտրություններ` ի խնդիր Կ.Պոլսո Ս. Աթոռի զորացման և Թուրքիայի հայության պայծառության: 
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայոց Եկեղեցու միջոցառումների համադրման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ժողովին ներկայացրեց միջոցառումների առաջարկները: Քննարկումների ընթացքում հանձնաժողովին հանձնարարվեց լրամշակել և կյանքի կոչել շուրջ երեք տասնյակ ծրագրեր, ինչպես օրինակ` միջեկեղեցական համաժողովներ և էկումենիկ աղոթքի արարողություններ Մայր Աթոռում և Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում, Հայաստանում ժողովրդագրական աճին ուղղված միջոցառումներ, բազմալեզու հրատարակություններ:
Այս կապակցությամբ Թեմական ներկայացուցչական ժողովը հանուն Հայ Եկեղեցու բարձրաձայնեց պահանջը Թուրքիայի իշխանություններից վերանորոգելու հայոց խոնարհված եկեղեցիներն ու վանքերը և վերադարձնելու դրանք Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին, իբրև իրավատիրոջ Թուրքիայի հայոց սրբավայրերի:
Նոյեմբերի 2-ի նիստերին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ստեղծված Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրն անդրադարձավ սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման հարցերին, մասնավորապես Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման խնդրին: Ժողովականները, ողջունելով հանձնաժողովի ցարդ կատարած ուսումնասիրությունները, քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները և հորդորեցին շարունակել հանձնաժողովի գործունեությունը` հրատապ նկատելով Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը:
Թեմերում 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովի կողմից ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման վերաբերյալ  զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Քննարկումների ընթացքում վերահաստատվեց կանոնական և միասնական սկզբունքների վրա եկեղեցական կյանքի կազմակերպման անհրաժեշտությունը և, նկատի ունենալով, որ որոշ թեմեր դեռ ի վիճակի չեն եղել ուղենիշին համապատասխանեցնել կանոնադրությունները, որոշվեց մեկ տարով երկարացնել ուղենիշի հոդվածները թեմական կանոնադրություններում ներդնելու ժամկետը:
Նոյեմբերի 3-ի նիստին անդրադառնալով Հայ Եկեղեցու Սահմանադրության ամբողջացման խնդրին` ժողովը թելադրեց նախորդիվ ստեղծված հանձնաժողովին` հետամուտ լինելու Սահմանադրության մեջ ներառնվելիք մնացյալ` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը: Թեմական ներկայացուցչական ժողովի առնչությամբ ժողովականները քննարկումների արդյունքում որոշեցին այն վերանվանել Հայ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողով, ինչպես նաև սահմանեցին ժողովի պատգամավորների կազմը` 1/3 հոգևորական և 2/3 աշխարհական հարաբերակցության սկզբունքով:


Ժողովին Սիրիայում ստեղծված կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս առնչությամբ ժողովը մտահոգություն արտահայտեց Սիրիայում շարունակվող հակամարտության և ժողովրդի կրած կորուստների կապակցությամբ` իր զորակցությունը հայտնելով Սիրիայի հայ համայնքին: Գոհունակություն արտահայտվեց սիրիահայությանը և Սիրիայում ազգային-եկեղեցական կառույցներին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայրենի իշխանությունների կողմից ցուցաբերված օգնության համար, բայցև կոչ արվեց թեմերին և ազգային հաստատություններին  շարունակելու իրենց զորակցությունը բերել հայ համայնքին` առկա կարիքները հոգալու և կրած կորուստները լրացնելու համար:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ժողովի մասնակիցներին կատարված նախանձախնդիր աշխատանքի համար` վստահություն հայտնելով, որ առնված որոշումները պիտի ծառայեն մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը և Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավոր իրագործմանը: