samedi 3 novembre 2012

Թեմական ներկայացուցչական ժողով (3-րդ օր)


Թեմական ներկայացուցչական ժողովին
ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովի նոյեմբերի 3-ի նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


Նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը նշեց. «Այս բարեպատեհ առիթով Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու և շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաև Սփյուռքի մեր թեմերի գործունեությանը` հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարևոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգևոր-եկեղեցական առաքելությանը»:
Անդրադառնալով ժողովին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով` անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը իր բարեմաղթանքը և օրհնությունը բերեց ՀՀ նախագահին` հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Այնուհետև ժողովականներին ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «...Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է», - ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ նախագահը` ընդգծելով, որ այսուհետ ևս և ավելի մեծ չափով Հայ Առաքելական Եկեղեցին կարող է ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ժողովի օրակարգին, նշեց. «Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության...»:
Իր խոսքում ՀՀ նախագահն ի մասնավորի խոսեց նաև սիրիահայության խնդիրների մասին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և ընդգծելով, որ այս առնչությամբ անելիքներ ունեն ամենքը` և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ Սփյուռքի համայնքները:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին: