dimanche 1 juillet 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Մարսել


Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնեց Մարսել՝ մասնակցելու Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի հանդիսություններին: Նորին Սրբությանն ուղեկցում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի գործավարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Ադամ քահանա Մակարյանը: Մարսել ճանապարհին Փարիզում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ովքեր միացան շքախմբի անդամներին: Մարսելի օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդներ և հոգևոր սպասավորներ, Ֆրանսիայի Թեմական խորհրդի անդամներ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Ռոբեր Ազիլազյանը, Մարսելի հայ համայնքի հավատացյալներ:
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Հրաշափառի արարողությանը ներկա էին հավատավոր հայորդիներ, Մարսելի արքեպիսկոպոսը, Մարսելի Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը, կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունն իր խոսքում գնահատանք հայտնեց մարսելահայերին համայնքում ազգային-եկեղեցական կյանքը աշխույժ պահելու, Ֆրանսիայի առաջընթացին ներդրում բերելու և Մայր Հայրենիքին զորակցելու համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ Ֆրանսիան նաև այստեղ բնակվող հայերի ջանքերի շնորհիվ պաշտոնապես դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը, ձեռնարկեց Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացը և իր զորակցությունն է բերում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Հրաշափառի արարողությունից հետո եկեղեցու սրահում Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ հավատացյալների և կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 29-ին Նորին Սրբության գլխավորությամբ իր աշխատանքներն սկսեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարը, որին մասնակցում էին Հայ Եկեղեցու եվրոպական թեմերի առաջնորդներ, համայնքների հոգևորականներ, թեմերից ժամանած աշխարհականներ և Հայ Եկեղեցու երիտասարդաց շարժման ներկայացուցիչներ: Համագումարը բացվեց Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի ողջույնի խոսքով և Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով: Զեկույցներ ընթերցվեցին «Հայ Եկեղեցու դերը Սփյուռքում», «Հայ Առաքելական Եկեղեցի. արդիականության և ավանդության միջև», «Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդաց շարժումը Եվրոպայում» թեմաներով: Համագումարի նիստի վերջում Նորին Սրբությունը պատասխանեց մասնակիցների հարցերին:
Նույն օրը Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ Բուշ դյու Ռոն նահանգի սենատոր Ժան Նոել Գերինիի, Պրովանս-Ալպ-Կոտ դ′Ազյուրի շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելի հետ, այնուհետև այցելեց Մարսելի Համազգային դպրոց, հանդիպում ունեցավ աշակերտության և ուսուցչական կազմի հետ: Երեկոյան Մարսելի Աբբայե Սեն Վիկտոր եկեղեցում Նորին Սրբությունը մասնակցեց համայնքի կողմից կազմակերպված համերգին: Ելույթ ունեցան «Գեղամ Բաղդասարյան» և «Սասուն» ժողովրդական գործիքային համույթները, ինչպես և Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը: Օրվա բոլոր միջոցառումներին իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը: